Այսօր, 20:12
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում:
Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ:
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ և դահուկավազք և մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է:
Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը:
Հունվարի 16-ից Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում պայքարը կսկսեն գեղասահորդները:
Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում: Խաղերը կտևեն մինչև հունվարի 23-ը: