Այսօր, 10:54
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխության նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն, ու ստեղծել հավաքականների մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, ՀՀ առաջնություններ, միջազգային այլ մրցաշարեր: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
Նախարարի խոսքով՝ հետագայում չի բացառվում նաև մասնավորի հետ համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով: