Այսօր, 13:13
Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք
«Արմավիր» ՔԿՀ կալանավորը ածելիի սայրով վնասել է հիմնարկի երկու աշխատակցի՝ պատճառելով վնասվածքներ: «Հետքի» տեղեկություններով, նա չի ցանկացել գնալ դատական նիստին: Աշխատակիցներն ասել են, որ պետք է գրավոր գրի, որ չի ցանկանում գնալ դատարան, ինչից հետո կալանավորը լեզվի տակ պահած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել աշխատակիցներին:
Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին դեպքի մասին մեր տեղեկությունները: Մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը փոխանցեց, որ 2025թ.հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ին դատական նիստի տեղափոխելու նպատակով քրեակատարողական ծառայողները ուղեկցել են հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ նա դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին եւ թաքցրած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել ծառայողներից երկուսին՝ դեմքի հատվածում։
«Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-փոխանցեց Ն. Նավիկյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։