Այսօր, 18:28
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել․
«Դիմում եմ ողջ համաշխարհային հանրությանը, մարդկանց, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում և ովքեր ցանկանում են երկարաժամկետ և իրական խաղաղություն։
Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թվականի սեպտեմբերի 27-ից, արդեն ավելի քան 470 օր, գտնվում եմ կալանքի տակ՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում, որից 340 օրը՝ մենախցում, 23 օրը՝ պատժախցում։
Ուզում եմ պաշտոնական հայտարարություն անել նախքան դատավարությունն սկսվելը: Եթե դուք կարդում եք այս տողերը, նշանակում է՝ ես սպառել եմ այստեղ տեղի ունեցողի մասին ճշմարտությունը բարձրաձայնելու բոլոր այլ միջոցները։
Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը։ Ինձ ասել են, որ ինձ 42 մեղադրանք է առաջադրվել, որոնցից մի քանիսը ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում, բայց մինչև այժմ ինձ հնարավորություն չեն տվել ուսումնասիրել պաշտոնական մեղադրական եզրակացությունը։ Ինձ և իմ փաստաբանին թույլ են տվել լոկ թերթել քրեական գործի 422 հատորները, որոնք ադրբեջաներենով են, որին ես չեմ տիրապետում, և դրա համար բավական կարճ ժամանակ են տվել՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թվականի հունվարի 8-ը։ Հոդվածները, որոնցով ինձ մեղադրանք է առաջադրվել, ինձ ռուսերեն թարգմանությամբ փոխանցել են միայն 2025 թվականի հունվարի 8-ին։
Իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու փաստաթղթերը հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, երբ հայտնել եմ միայն անուն-ազգանունս։
Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծիք են։ Այդպիսի փաստաթղթեր իրականում գոյություն չունեն։ Փաստաբանիս և թարգմանչիս ստիպել են ստորագրել այս փաստաթղթերը։
Կրկին ընդգծում եմ իմ և իմ հայրենակիցների անմեղությունը և պահանջում եմ, որպեսզի անհապաղ դադարեցվի մեր դեմ ուղղված այս քաղաքականացված գործը»։