Այսօր, 09:20
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան, նրան հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից, փոխարինել նորաթուխ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանով, որը վարչապետի նախկին խորհրդականն էր։
Բանն այն է, որ Աղազարյանը ՔՊ քվոտայով էր ընդգրկված սույն հանձնաժողովի կազմում, ՔՊ-ից հեռացվելուց հետո նրան «իգնոր» են արել նաև բոլոր միջազգային պատվիրակություններում, որոնցում ընդգրկված էր։ Ի դեպ, չնայած Աղազարյանի փաստաբանը հայտարարում էր, որ հունվարի 20-ին մեկնարկող ԱԺ նիստերին գլխավոր դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հնարավոր է մտնի ԱԺ, սակայն երեկվա դրությամբ օրենսդիրները չէին ստացել նման միջնորդություն, ավելին, մեզ ասացին, որ մոտ ամիսուկես է՝ Աղազարյանին նաև իրավապահներն են հանգիստ թողել, մինչդեռ մանդատը վայր դնելու Փաշինյանի հորդորից հետո շաբաթվա բոլոր օրերին կանչում էին տարբեր վարույթներով հարցաքննության՝ փորձելով այդ ճանապարհով ճնշել նրան։
Իսկ Արգիշտի Քյարամյանի գործն ընդհանրապես փակուղի է մտել, որևէ ապացույց չի գտնվել, որով կհաստատվի ՔԿ նախկին ղեկավարի այն մեղադրանքը, թե Աղազարյանը միջնորդել է իր որդու վերաբերյալ քրեական գործով»։