Այսօր, 09:30
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն առևտրական գործունեության հարկը 5%-ից բարձրացավ 10%-ի, այլև ոսկի վաճառողը այսուհետև պետք է ներկայացնի ապրանքի ձեռքբերման աղբյուրը հավաստող փաստաթղթեր։
Օրինակ՝ այսուհետև տատիկն իր ոսկե քյամարը պետք է, ըստ երևույթին, գույքագրի, ապա կտակով փոխանցի ժառանգին։ Կամ որ ավելի վատ է, քավորը նվեր ոսկեղենը կնոջ հետ պարեցնելու հետ մեկտեղ պետք է պարեցնի նաև ոսկու գնման հիմքը՝ փաստաթուղթը։
Օրերս ոսկերիչները և ոսկեվաճառները իրենց բողոքի ձայնը բարձրացրին Կառավարության առջև, որը, սակայն, մնաց անպատասխան և անարձագանք։ Ոսկերիչների առաջ դրվել է ոչ միայն ֆակտուրա ներկայացնելու պահանջ, այլև մի շարք այլ դրույթներ ևս, որոնց մասին «Ոսկու շուկայի» մի մասն իրազեկվել է, մի մասը՝ ոչ։ Իրազեկման թերթիկում ասվում է. «Իրազեկում 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխությունների մասին. Առևտրական գործունեության հարկը 5%-ից փոխվում է 10%-ի։
Այսպիսով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը նվազեցվում են միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնված ծախսերի 4%-ը, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաթղթերով հիմնված բոլոր ծախսերի 9.5%-ը, իսկ շրջանառության 1.5%-ի փոխարեն՝ 1%-ը»։
Այս օրենքի փոփոխությամբ՝ այն կազմակերպությունները, որոնց ապրանքների ձեռքբերումները 2024 թ. ընթացքում կազմել են մինչև 24 միլիոն դրամ գումար, նրանք պետք է 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կատարեն գույքագրում ապրանքների փաստացի առկայության մասին։ Հաջորդիվ հարկային տեսչական մարմինն իրավունք է ունենալու այցելելու և ստուգելու ապրանքային շարժը, որը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը իրավունք չուներ։
Փաստացի ստուգման պահին ապրանքային մնացորդները եթե տարբերություն տան, ոսկեվաճառները կտուգանվեն: Այսինքն՝ ոսկեղենի բոլոր տեսակները պետք է գրանցված լինեն և ունենան ձեռքբերման փաստաթուղթ: Եթե չունենան, հաշվարկված գումարի 20%-ի չափով վճարվելու է տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքում՝ 50%-ի չափով տուգանք։
Նկատենք, որ երբ ապրանքային մնացորդները ստուգեն, պակաս լինելու դեպքում՝ կդիտվի թաքցված վաճառք, և կհաշվարկվի շրջանառության հարկ կամ տույժ։ Ստացվում է, որ տատիկի քյամարը և քավորի ոսկյա նվերը այլևս ոչ մի ոսկերիչ կամ «ոսկի առնեմ», «ոսկի՞ եք վաճառում» բղավող շուկայում չի գնի՝ առանց ձեռքբերման հավաստման փաստաթղթի։
Նման կերպ Կառավարությունը փորձում է, ինչպես տնտեսվարողներն են ասում, մանր և միջին բիզնեսի վերջը տալ, ասել է թե՝ ոլորտը դարձնել օլիգարխիկ մոնոպոլիստների, խոշորների զբաղմունքը»։