Այսօր, 10:40
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:
«Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.
հղիները,
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
65 տարեկանից բարձր անձինք,
շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
բուժաշխատողները,
փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել»,- ասվում է հաղորդագրությունում։