![Ռուսական լրատվամիջոցներում հրապարակումների առնչությամբ Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ](https://www.aysor.am/news_images/795/2383162_1/10503816_239_0_780_541_1920x0_80_0_0_a172832be1f701249776d4b66fcb2b7c_thumb.thumb.jpg)
29/01/2025 11:53
Ռուսական լրատվամիջոցներում հրապարակումների առնչությամբ Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Բաքվում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում հրապարակումները, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական հաղորդագրությունների և ռեպորտաժների հրապարակումը թյուրիմացություն է առաջացնում և հակասում է երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։
«Նշվել է, որ հայտնի են «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող օդանավի ողբերգական վթարի նախաքննության արդյունքները, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, բացահայտ ասվել են մեր ակնկալիքները ռուսական կողմից՝ կործանման հետ կապված»,- նշվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։
«Ադրբեջանական մամուլում «Ռուսական տան» մասին տեղեկությունների հետ կապված նշվել է, որ դա երկրի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը չէ, և նման կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի տարածքում հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,- ընդգծում է ԱԳՆ-ն։
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևն էր կանչվել Ռուսաստանի ԱԳՆ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների համար։ Հավելենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին Բաքվի «Ռուսական տանը» հակաադրբեջանական լրտեսական գործունեության իրականացման մեջ մեղադրող հրապարակումներ են անում։