![ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է․ Եթե ԵՄ-ի շուկաները բացվեն Հայաստանի համար, ապա կփակվեն ԵԱՏՄ-ի շուկաները․ Օվերչուկ](https://www.aysor.am/news_images/795/2383376_1/f679a1bfd3bc14_679a1bfd3bc55.thumb.jpg)
29/01/2025 16:51
ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է․ Եթե ԵՄ-ի շուկաները բացվեն Հայաստանի համար, ապա կփակվեն ԵԱՏՄ-ի շուկաները․ Օվերչուկ
Քննարկումներն ու կարծիքներն այն մասին, որ Հայաստանը կարող է շարունակել մնալ ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ մտնելով ԵՄ կազմ, անհիմն են։ Եթե եվրոպական շուկաները բացվեն Հայաստանի համար, ապա կփակվեն ԵԱՏՄ երկրների շուկաները, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է․ դա պարզ է ցանկացածի համար, ով գոնե մի փոքր ծանոթ է, թե ինչպես են գործում այս երկու ինտեգրացիոն միությունները։ Եվ այն մարդիկ, որոնք Հայաստանում ընթացող քննարկումների շրջանակում պնդում են՝ իբրև թե հնարավոր է գտնել լուծում, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը։
«Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում, հակառակ դեպքում կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները։ Դա ակնհայտ է։ ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի ԵԱՏՄ-ի հետ մաքսային տուրքի սահմանում։ Հայկական կողմը շատ լավ գիտի, որ հետևանքներն այդպիսին կլինեն, և ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։