![«Հրապարակ». Հիմա հերթը գյումրեցիներինն է. վինետկաների շքերթը շարունակվում է](https://www.aysor.am/news_images/795/2383034_1/photo_2022_08_23_10_51_15.thumb.jpg)
29/01/2025 08:59
«Հրապարակ». Հիմա հերթը գյումրեցիներինն է. վինետկաների շքերթը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներթիմային պառակտվածությունը հաղթահարելու համար Նիկոլ Փաշինյանը վերջերս գրեթե սպառնացել է կուսակիցներին, թե՝ մի հատ էլ լսեցի-տեսա, որ իրար դեմ եք աշխատում, միասնական չեք, չեք պրծնի։ Բանն այն է, որ արտաքին աշխարհն այլևս Փաշինյանի նկատմամբ նախկին վստահությունը չունի, ուստի նա փորձում է ցույց տալ, որ իր թիմը կուռ է, ներիշխանական հեղաշրջումը բացառված է, ընդդիմությունն էլ չի կարող իրեն հեռացնել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ականներն առաջիկայում փորձելու են հրապարակային «ապացույցներ» ներկայացնել, որ համերաշխ, միասնական թիմ են։ Առաջինը Սյունիքի ՔՊ-ականներն էին. տեղի իշխանականները, միմյանց հետ ունենալով բազում տարաձայնություններ, կիրակի օրը համատեղ լուսանկար էին հրապարակել՝ իբրև միասնականության առհավատչյա։ Հիմա հերթը գյումրեցիներինն է:
Չնայած հայտնի է, որ Գյումրու ՔՊ կառույցում բառի բուն իմաստով իրար միս են ուտում, տարեվերջին անգամ քաշքշուկ էր եղել մարզպետի և քաղաքապետի պաշտոնակատարի միջև, բայց երեկ էլ նրանք են ճաշկերույթի նկար հրապարակել։ Տեղեկություն կա, որ առաջիկայում ամենօրյա ռեժիմով իշխանության բոլոր «դասարանների վինետկաներն» են հրապարակվելու, որ ներշնչեն` իրենց դեմ խաղ չկա»։