![«Հրապարակ». Փաշինյանը որոշել է խաբել Արևմուտքին ու արևմտամետներին](https://www.aysor.am/news_images/795/2383050_1/photo_2022_08_23_10_51_15.thumb.jpg)
29/01/2025 09:04
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է խաբել Արևմուտքին ու արևմտամետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ֆրակցիայում սպասում են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, որ պարզաբանումներ ստանան՝ ինչպե՞ս եղավ, որ ամիսներ առաջ քննարկելիս մեծամասնությունը դեմ է արտահայտվել ՌԴ-ից վերջնականապես պոկվելու, ԵՄ գնալու որոշմանը՝ մատնանշելով տնտեսական հնարավոր հետևանքները, իսկ այսօր իրենց ստիպում են հավանություն տալ եվրաքվեի նախագծին։
Հիշեցնենք. 2024-ին ՔՊ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով նման քննարկումներ էին անում, որոնց մասնակցում էին Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ-ն: Ընդ որում՝ մեզ պատմել էին, որ անգամ Արմեն Գրիգորյանն ու նրա կողմնակիցներն են դեմ ԵՄ-ին անդամակցելու հայտին՝ հաշվի առնելով տնտեսական հետևանքները, բայց Փաշինյանն անսպասելի որոշում կայացրեց` ընդառաջելով հայ արևմտամետներին։ Դեռ հանդիպման հստակ օր չկա, բայց ՔՊ-ում հույս ունեն, որ մինչև փետրվարի 11-ը՝ հաջորդ քառօրյայի մեկնարկը, հանդիպումը կկայանա։
Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը թիմին ասելու է այն, ինչ մտածում է այդ գործընթացի մասին: Այն է՝ ԱԺ-ն հավանություն կտա նախագծին, բայց այն կմնա գզրոցներում, որևէ այլ գործընթաց, շարունակություն տեղի չի ունենա։ Հիմա էլ, ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է խաբել Արևմուտքին ու արևմտամետներին»։