![«Հրապարակ». «Opel»-ի բազմաթիվ վարորդներ միացել են Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցին](https://www.aysor.am/news_images/795/2383026_1/photo_2022_08_23_10_51_15.thumb.jpg)
29/01/2025 08:53
«Հրապարակ». «Opel»-ի բազմաթիվ վարորդներ միացել են Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։
Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: Պարզվում է, որ ավագանու անդամի կոչին «Opel»-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել: Մենք տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Գրիգոր Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն:
«Ով մոտեցել է բոլորին իրավաբանական խորհրդատվություն արվել է մեր իրավաբանի կողմից, ամբողջովին հայցադիմումի շաբլոնները տրվել են, իրենց մնում է անուն-ազգանունները գրել, ստորագրել և մուտք անել դատարան։ Հստակ թիվ այս պահի դրությամբ չունենք, բայց իրավական խորհրդատվություն շատ մարդկանց ենք տվել, նաև՝ հայցադիմումի ձևը»,-ասաց Գրիգոր Իսկանդարյանը»։