![Սյունիքի մարզպետը կարևորել է արտակարգ իրավիճակներին դիմակայելուն ուղված Ճապոնիայի օժանդակությունը](https://www.aysor.am/news_images/795/2383282_1/475469918_1042526354583395_1051975346886412945_n.thumb.jpg)
29/01/2025 13:53
Սյունիքի մարզպետը կարևորել է արտակարգ իրավիճակներին դիմակայելուն ուղված Ճապոնիայի օժանդակությունը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։
Մինչ պաշտոնական զրույցը մարզպետն ու դեսպանը դիտարկել են Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով վերջերս ձեռք բերված շտապօգնության մեքենան, որը սպասարկում է սահմանային մի քանի գյուղեր ու կահավորված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։
Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է բարձրաստիճան դիվանագետի երկրորդ այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել դեսպանության կողմից մարզում իրականացված աջակցության ծրագրերի համար։ Մարզպետը կարևորել է հատկապես արտակարգ իրավիճակներին դիմակայելուն ուղղված տեխնիկական օժանդակությունը, հիշատակել Քաջարան համայնքի գյուղական բնակավայրում խմելու ջրագծի կառուցման աշխատանքը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար ու շեշտել հայ և ճապոնացի ժողովուրդների որդեգրած արժեքների մեջ կարևոր ընդհանրությունը՝ ժողովրդավարությունը։
Պարոն Յուտական նշեց նաև, որ իր այցերի ընթացքում նկատել է մարզի զբոսաշրջային մեծ ներուժը և իր աշխատանքի ընթացքում կձգտի ամեն ինչ անել, որ Ճապոնիայի քաղաքացիների համար Սյունիքն այդ առումով գրավիչ ուղղություն դառնա։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: