![Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ում որդին Լևոն Քոչարյանի օգնականն է, կզրկվի դատավորի թոշակից. Վարչական վերաքննիչ դատարանն է որոշել](https://www.aysor.am/news_images/795/2383114_1/fotoram_io.thumb.jpg)
29/01/2025 11:09
Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ում որդին Լևոն Քոչարյանի օգնականն է, կզրկվի դատավորի թոշակից. Վարչական վերաքննիչ դատարանն է որոշել
Վարչական վերաքննիչ դատարանը որոշել է, որ պաշտոնաթող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը պետք է զրկվի իրեն հասանելիք դատավորի թոշակից։
Ալեքսեյ Սուքոյանի որդին, ով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, մանրամասնել է, որ հայրը 25 տարի աշխատել է որպես դատավոր ու Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ է ազատվել աշխատանքից։
«Եթե առաջին ատյանի դատարանը ճանաչել էր նրա աշխատանքային ստաժը, ապա վերաքննիչը որոշեց, որ այդ 25 տարիները, իբր, գոյություն չեն ունեցել, նրա աշխատանքը հօդս է ցնդել, ուստի նա չի վաստակել այդ թոշակը:
Ես շատ բան չեմ ուզում, պարզապես թող այդ դատավորները բախվեն այն «արդարադատությանը», որը հենց իրենք են իրականացնում, բայց չգիտեմ՝ ցավով թե ի ուրախություն ասեմ, որ նրանք էլ չեն բախվի, քանի որ կգա ժամանակը, երբ ՀՀ-ում էլ պատվերներով, զանգերով և սմս-ներով որոշումներ չեն կայանա։
Բայց թող գոնե մեկ վայրկյան մտածեն, թե ինչ է նշանակում տարիների նվիրումից հետո կանգնել անօրինականության ու անտեսված արդարության առաջ։
Արդարության թեման անցած շաբաթ քննարկել եմ աշակերտներիս հետ «Պահանջմունքներ, կարիք և ցանկություն» դասի շրջանակում՝ խոսելով մարդու հիմնական կարիքների մասին, և եթե դասագրքային մոտեցմամբ կենսական կարիքներ են համարվում հացը, ջուրը, անվտանգությունը..., ապա ես դրան ավելացրել եմ նաև արդարության զգացումը։ Չէ՞ որ առանց արդարության մարդը կարող է ունենալ ամեն ինչ, բայց միաժամանակ զրկված լինել արժանապատիվ կյանքից։
Եվ հենց այդ գիտակցությունն եմ փորձել սերմանել աշակերտների մեջ, որպեսզի նրանք հետագայում ոչ միայն պայքարեն արդարության համար, այլև անարդար որոշում կայացնելիս կանգ առնեն ու հասկանան, որ ամեն մի անարդարություն կարող է խորը և ծանր հետևանքներ թողնել դիմացինի կյանքում։ Նաև խորհուրդ եմ տվել պահանջել և պայքարել ոչ միայն սեփական, այլև ուրիշների արդարության համար, և ամենայն հավանականությամբ, իրենք չեն բախվի անարդարության»,- Facebook-ում գրել է Արթուր Սուքոյանը։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: