![Տրամաբանությունը հուշում է, որ երեսունամյա սակագինն ի վիճակի չէ ապահովել թարմացված ավտոբուսների պահպանումն ու բարձրացնել ծառայության որակը. ՔՊ-ական պատգամավոր](https://www.aysor.am/news_images/795/2383132_1/431473850_10235171258001963_8466682458309519254_n.thumb.jpg)
29/01/2025 11:38
Տրամաբանությունը հուշում է, որ երեսունամյա սակագինն ի վիճակի չէ ապահովել թարմացված ավտոբուսների պահպանումն ու բարձրացնել ծառայության որակը. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.
«Ուզում եմ անդրադառնալ հանրային տրանսպորտի սակագնի շուրջ ծավալվող քննարկումներին:
Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու հանրային տրանսպորտի գոյության կարևորությունը: Այսպիսով, կարող եմ արձանագրել, որ երևանցիները միմյանց հետ համաձայնել են ունենալ հանրային տրանսպորտ: Հաջորդ քայլը համաձայնության երկրորդ փուլն է. այն է՝ պահպանել ենթակառուցվածքն ու բարձրացնել ծառայության որակը: Տրամաբանությունը հուշում է, որ երեսունամյա սակագինն ի վիճակի չէ ապահովել թարմացված ավտոբուսների պահպանումն ու բարձրացնել ծառայության որակը: Նույնիսկ լուցկու գինն է փոխվել այս ընթացքում:
Քաղաքային իշխանությունն առաջարկում է նոր սակագնային փաթեթ, որի շուրջ քաղաքացիները բուռն քննարկումներ են ծավալում: Արդյունքում քաղաքապետարանը փորձում է ճկուն գտնվել և հնարավոր հավասարակշիռ լուծումն առաջարկել քաղաքացիներին:
Այստեղ կարևոր է նկատել, որ ավտոբուսները հանրային գումարներով ձեռք բերված բարիք են և նրանց պահպանումը նույնպես երևանցիների և ապագա սերնդի համար է, և պետք է իրագործվի մեր՝ երևանցիներիս փոխհամաձայնությամբ և ջանքերով:
Հարց է ծագում «100 դրամ» ակցիայի հեղինակներին: Ուզում եմ հասկանալ՝ ում հաշվին եք առաջարկում շարունակել վճարել 100 դրամ (այլ քաղաքացիների՞, ապագա սերնդի՞), և որտեղից է գոյանալու մնացած անհրաժեշտ գումարը: Նման տրամաբանությամբ կարելի է ամեն բան ոչ թե 100 դրամով, այլ ուղղակի անվճար պահանջել»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: