![«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռ շարունակում է քննարկվել](https://www.aysor.am/news_images/795/2383053_1/photo_2022_08_23_10_51_15_2.thumb.jpg)
29/01/2025 09:06
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռ շարունակում է քննարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում դեռ շարունակում է քննարկվել ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Իջևանում խոզ խանձելու օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը հանգրվանել է Սևանի ափին գտնվող կառավարական առանձնատանը, որտեղ ՔՊ-ական կարկառուն մի քանի ներկայացուցիչների հետ «մինի» ժողով է արել:
Նախ, ներկուսակցական մի քանի հարցեր քննարկելուց հետո, շոշափել են Անդրանիկ Քոչարյանին անվնաս չեզոքացնելու հարցը:
Իշխանականների մի խումբ պնդել է, որ Քոչարյանի հարցը բարձրացվեց, թեժ քննարկվեց, բայց հետևանքներ չեղան նրա համար․ այդպես էլ անպատիժ մնաց, ինչը ՔՊ վարկանիշի վրա վատ ազդեցություն է ունեցել:
Անդրանիկ Քոչարյանի հետ լարված ՔՊ-ականների այդ խումբը պնդել է, որ Քոչարյանը ոչ միայն պետք է պաշտոնանկ արվի, այլև առհասարակ վռնդվի ՔՊ-ից:
Ավելին՝ նրանք պնդել են, որ Քոչարյանի հետ պետք է պատժվեն նաև նրա մտերիմ ՔՊ-ականները՝ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, որոնց մեղադրում են Անդրանիկ Քոչարյանի համախոհները լինելու համար:
Սևանի առանձնատանը տեղի ունեցած նեղ կազմով քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը և եղբայրը՝ մարզպետ Հայկ Ղալումյանը, որոնք խոսքի ընթացքում փորձել են պաշտպանել Քոչարյանին՝ ասելով, թե արդեն դասեր է քաղել, խելոքացել է, պետք չէ խիստ պատժել նրան:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ոչ մեկի կողմը «չի բռնել», լսել է բոլորին, բայց կարծիք չի հայտնել․ հավանաբար դեռ երկմտում է»։