![Հաջողության հասնելու նախապայմանն աշխատանքդ սիրելն է․ Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԵՊՀ ուսանողների](https://www.aysor.am/news_images/796/2386748_1/476352882_1048409857328397_2594547394434361183_n.thumb.jpg)
06/02/2025 13:12
Հաջողության հասնելու նախապայմանն աշխատանքդ սիրելն է․ Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԵՊՀ ուսանողների
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ից 4-րդ կուրսի ուսանողներին։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթները, կառուցվածքը, ենթակա մարմինները։
Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր, մասնավորապես՝ դրանք վերաբերել են միջազգային համագործակցությանը, տնտեսության դիվերսիֆիկացման տրամաբանությանը, աշխատաշուկայի և համալսարանների կապին, դրա հնարավոր խզումների առկայությանը, ինչպես նաև ուսանողների՝ որպես նախարարության ապագա աշխատակիցներ դիտարկվելու հեռանկարին։ Նախարարը յուրաքանչյուր հարցին տվել է մանրամասն և համապարփակ պատասխաններ։
Ուսանողները հետաքրքրվել են նաև նախարարի կարիերայի ուղիով և խնդրել նրան կիսվել անձնական ու մասնագիտական հաջողության հասնելու իր փորձով և խորհուրդներով։
Նախարարն առանձնահատուկ ընդգծել է շարունակական կրթության և ինքնակատարելագործման կարևորությունը․ «Հաջողության հասնելու հիմնաքարերից է նաև աշխատասիրությունը, ոչ միայն աշխատել սիրելը, այլ նաև աշխատանքդ սիրելը, քանի որ առանց դրա հնարավոր չէ հասնել դրական արդյունքների»,- նշել է նախարարը։