03/09/2013 18:15
Ջրաշենի բնակչուհու մահվան գործով մեղադրյալ. Նա ինքնաբուժությամբ էր զբաղվել
Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստը տեղի չի ունեցել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 11-ին:
Մեղադրական եզրակացության համաձայն` «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վ. Մարդանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ ընդունում է, որ բժշկական սխալ է եղել: «Այո, բժշկական սխալ եղել է, սակայն ոչ մեկը դրանից ապահովագրված չէ: Բացի այդ, այդ կինը ինձ դիմել է արդեն կծկումներով, նա մինչև այդ տանը ինքնաբուժությամբ է զբաղվել»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հ. Մալխասյանը իր մոտ հաշվառված չի եղել և իրեն դիմել է միայն այդ օրը:
Նշենք, որ Վ. Մարդանյանը նախկինում դատապարտված է եղել: Մեղադրական եզրակացության համաձայն` նա մասնագիտական պարտականությունների կատարմանը անբարեխիղճ և անփույթ է վերաբերվել՝ վիրահատությունը կատարել է ոչ պատշաճ, որի հետևանքով առաջացած արյունահոսությունից Հասմիկ Պետրոսյանը (անունը փոխված է) մահացել է:
Հ. Պետրոսյանը, տառապելով արգանդի միոմատոզ հիվանդությամբ 2007թ. օգոստոսի 20-ին ընդունվել է Երևան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ նրա մոտ նախօրոք ախտորոշվել է արգանդի բազմահանգույց միոմա ինտերստիցիալ-ենթալորձային հանգուցով մենոմետրոռագիա, երկկողմանի սալպինգվօֆորիտ, արգանդի վզիկի էռոզիա, անեմիա և նշանակվել է բուժում վիրահատական ճանապարհով, որի կատարումը հանձնարարվել է սույն գործով մեղադրյալ Վարուժան Մարդանյանին:
2007թ. օգոստոսի 22-ին ժամը 13.30-ի սահմաներում Հ. Պետրոսյանին վիրահատելու ընթացքում Վ. Մարդանյանը արգանդը իր հավելումներով հեռացնելիս իր մասնագիտական պարտականությունների կատարմանը վերաբերվել է անբարեխիղճ և անփույթ` վիրահատությունը կատարել է ոչ պատշաճ տեխնիկապես սխալ և անզգուշության պատճառով առաջացած արնահոսությունից Հ. Պետրոսյանի մոտ առաջացել է սրտի աշխատանքի կանգ:
Առաջադրված մեղադրանքում Վ. Մարդանյանը իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խորհրդակցելով պաշտպանի հետ միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն:
Նախորդող հրապարակում` Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է ԱՆ հանձնաժողով