03/03/2014 09:41
Սիրված դերասան Կարեն Մկրտչյանին մեր օգնությունն է պետք. ՇՏԱՊ
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի գիշերը դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով հայտնվել է անվասայլակին:
Նա բուժման կուրսեր էր անցնում տանը, սակայն օր օրի նրա վիճակը վատանում է: Դերասանի բուժումը հնարավոր է անցկացնել Գերմանիայում կամ Իսրայելում. բուժման համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, որը Կարենը չունի:
Facebook սոցցանցում արդեն ստեղծվել է «Օգնենք Կարեն Մկրտչյանին» խումբ, այստեղ քաղաքացիներին կոչ է արվում փող փոխանցել դերասանի համար ստեղծված հատուկ հաշվեհամարներին UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903:
Նշենք, որ Կարենը նաև ազատամարտիկ է. Երկու անգամ ռազմաճակատ է մեկնել` 16 տարեկան հասակում: Երեք որդիների հայր է:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում դեկտեմբերի 26-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ահազանգել էին և հայտնել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը Երևանի քաղաքի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետևանքով:
Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարենը պատմել էր տեղի ունեցածի մասին և ասել. «Ոչ մի թշնամի չունեմ ու, առհասարակ, որևէ մեկի հետ էլ խնդիր չունեմ։ Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերն է եղել, թատրոնից տուն էի գալիս, ձայն լսեցի, անկախ ինձնից՝ շրջվեցի ու հարված ստացա գլխիս։ Միջանցքում շատ մութ էր, ոչ ոքի չեմ տեսել։ Այնտեղ երկար ուշագնաց մնացել ու սառել էի»:
Նա նաև համոզմունք էր հայտնել, որ այս ամենն իր հետ որևէ կապ չունի, քանի որ ինքը այնպիսի կյանքով չի ապրում, որ իր հետ այդպես վարվեին։