26/03/2014 16:58
Վոլոդյա Ավետիսյանի գործ. Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ իր ինքնաբացարկի վերաբերյալ:
Նա նաև մերժեց Վ. Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Դատարանի դահլիճից «ամոթ» վանկարկումներ հնչեցին, ինչին դատավորը արձագանքեց, ասելով, որ կոռեկտ արտահայտվեն, այլապես ինքը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել:
Վ. Ավետիսյանն ասաց, որ ինքը հրաժարվում է բոլոր հարցերին պատասխանելուց, այս թվում նաև կենսագրական բնույթի:
Ա. Զաքարյանը ասաց, որ դատախազին ցանկանում է բացարկ հայտնել և այդ միջնորդության հիմքում պետք է դրվեն նաև այն խոսքերը, որոնք դատախազի կողմից ասվել են այս դատական նիստի ընթացքում, և ինքը խնդրում է իրեն տրամադրել դատական արձանագրության կրիչը և հետաձգել դատական նիստը:
Դատավորը 5 րոպե ընդմիջում հայտարարեց:
Դատավորը ընդմիջումից հետո հարցրեց Ա. Զաքարյանին, թե որքա՞ն ժամանակ է իրեն անհրաժեշտ միջնորդություն ներկայացնելու համար, ինչին ի պատասխան Ա. Զաքարյանը պատասխանեց, որ 1-2 օր:
Դատավորը ասաց, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է համարում և դատական նիստը հետաձգեց:
Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 2-ին:
Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյան. Ես քննիչին ասեցի՝ ես իմ հոգին ու հայրենիքը չեմ ծախի